Քաղաքական վերլուծաբան Ստեփան ՍԱՖԱՐՅԱՆԻՆ հարցրի. «Ինչու՞ Հայաստանի իշխանական ու ոչիշխանական ուժերը ռուսական դաշտից դուրս որևէ քաղաքական նպատակ իրենց համար չեն տեսնում»:
-Ցավոք, Հայաստանի քաղաքական համակարգում արմատավորված է այն մտայնությունը, որ եթե ուզում ես գալ իշխանության, առանց Ռուսաստանի չես կարող: 2011-2012-ից ռուսական կողմը չափազանց ինտենսիվ աշխատում էր քաղաքական դաշտի հետ՝ խորհրդարանական, կուսակցական, միջկուսակցական ձևաչափերում: Այդ շրջանում ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն գործընկերային լուրջ կապեր հաստատեցին «Միասնական Ռուսաստանի» հետ: 2012-ին ձևավորված խորհրդարանում նկատելի է ռուսական տարրի, ռուսական կողմնորոշման ավելացումը բոլոր խմբակցություններում: Եթե համեմատեք նախորդ գումարման հետ, որը ինտելեկտով այնքան էլ չէր փայլում, որակով ավելի առաջ էր՝ չափազանց լուրջ դերակատարություն ստանձնելով Հայաստանի եվրաինտեգրման հարցում: Հիմա միանգամայն հակառակն է՝ ԱԺ-ն մխրճվել է Հայաստանին դեպի ՄՄ տանող գործընթացներում, այդ թվում՝ ընդդիմությունը: Պատճառները տարբեր են: Նախկինում ես շատ հետաքրքրված էի Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքով: Ժամանակի հետ, Վիկիլիքսի հրապարակումներից հետո հատկապես պարզ դարձավ, որ Տեր-Պետրոսյանն ավելի շատ ռուսական դաշտում է, քան ընկալվում է: ԲՀԿ-ի դեպքում տնտեսական կապերն են դեր խաղում և Ռոբերտ Քոչարյանի անձը, որ նույնպես կապված է ռուսական դաշտին: ՀՅԴ- պարագան մի քիչ ավելի բարդ է, որովհետև կուսակցությունը բարդ կառուցվածք ունի, ազդեցության դաշտերն ավելի մեծաքանակ են, բայց նրանք էլ հիմնական խնդիրներում Քոչարյանի պլատֆորմին համահունչ են տեսնում իրավիճակը: «Ժառանգությունը» ֆորմալ առումով՝ հայտարարություններով դիրքավորվում է որպես Արևմուտքի հետ հարաբերություններում շահագրգիռ քաղաքական ուժ, բայց քաղաքական վեկտորը փոխվում է, երբ «Ժառանգությունը» դիտարկվում է քառյակի մեջ: Արդյունքում ստացվում է միջանկյալ վեկտոր, որ ավելի շատ կարելի է անվանել ոչ այստեղ, ոչ այնտեղ:
-Նույն դիրքում չէ՞ նաև ՕԵԿ-ը:
-Վերջին տարիներին ՕԵԿ նախագահի Անվտանգության խորհրդի նախագահ լինելու հանգամանքը լրացրեց կուսակցության ռուսական կապերը և պիտի հաստատեմ, որ ՕԵԿ-ն էլ ոչ այստեղ, ոչ այնտեղ վիճակում է: Մինչև վերջ չհասկացված մնաց կոալիցիայից ՕԵԿ-ի դուրս գալը, թվարկված հիմնավորումները և պրակտիկ գործունեությունը տարբեր հարթություններում են և այս կտրվածքով երևի թե ՕԵԿ-ի քայլը ուղղված էր առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ դիրքավորվելուն ավելի շատ, քան միջկոալիցիոն տարաձայնություններին: Չեմ ժխտում, որ ՕԵԿ-ը կառավարության ձևավորման հետ կապված կարող էր խնդիրներ ունենալ, վերջին հաշվով՝ ուզեր, թե չուզեր դառնում էր ամեն ինչի համար պատասխանատու, իսկ կուսակցությունը ոչինչ չէր շահում: Եվ խորհրդարանական ընտրությունները, և հատկապես Երևանի ավագանու ընտրությունները առավել քան մտահոգիչ պիտի լինեին ՕԵԿ-ի համար: Լինել իշխանության մեջ, ունենալ լծակներ և Երևանում չհաղթահարել պատնեշը, նշանակում է կուսակցության ռազմավարությունը վերանայել է պետք: Թերևս առաջին դասերից մեկն էր՝ վերանայել կուրսը՝ ինչու՞ չունենալով լծակներ ու ձեռքբերումներ, պատասխանատվություն կրել Հովիկ Աբրահամյանի օլիգարխիկ կառավարության համար:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հարցազրույցը Ստեփան Սաֆարյանի հետ կարող եք կարդալ «Իրատես de facto»-ի հուլիսի 4–ի համարում: